Рубрика: 2022-2023 ուս․տարի, Մայիսյան հավաք

«Ազգային խաղեր»նախագիծ

Մասնակիցներ՝ 1 դասարանի սովորողներ

Տևողությունը՝ Ամբողջ տարվա ընտացքում

Նախագծի հեղինակներ՝ Մարիամ Մնացականյան, Սեդա Խաչատրյան

Նախագծի նպատակներն ու խնդիրները.


ուսումնասիրել և գտնել հին ու մոռացված ազգային խաղեր
պարզել, թե ինչ ազգային խաղեր են խաղում բակում
պարզել, թե ինչ խաղեր են խաղացել տատիկ-պապիկները, ծնողները
պարզել, թե որ խաղը որ տոնին են խաղացել
փնտրել և գտնել նոր ազգային խաղեր
իրականացնել դրանք
տարածել այդ խաղերը
բլոգում բացել ազգային խաղեր թեմայով ենթաբաժին

Խաղերի ցանկը․

Խնոցիների շարք

Հարի-հարի խնոցի,

Մեջդ` բարի, խնոցի,

Ունկդ` բարակ, խնոցի,

Մեջդ` կարագ, խնոցի:

***

Խնոցի, հարոցի.

Լըփը-լըփը, լըփը-լըփը,

Դե տար, դե բեր, տրնգա.

Թևտու, թև առ,

Զրնգա:

Խնոցի, հարոցի,

Կարագը` քեզ,

Թանը` մեզ:

***

Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա — բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

***

Խնոցի, հարեցի,

Թանը հանի, քամեցի,

Սրսուռ չորթան շինեցի,

Եղով ապուր էփեցի,

Պետոն ուզեց՝ տփեցի:

Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա — բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

Խնոցիհարոցի

Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

կամ`

-Հարի-հարի խնոցի,

Մեջդ բարի, խնոցի,

Ունկդ բարակ, խնոցի,

Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Ծիտը քարին

Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.

-Ծիտը քարի¯ն:

Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:

Մածուն ծախեմ

Գլխավորապես խաղում են աղջիկները սենյակում: Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը որ անկյունից զուրկ է սրան-նրան ասում է.

— Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:

— Ես չեմ ուզեր, այսինչը կուզի:

Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը: Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:

Խաշիլ ճաշ

10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.

— Ա¯յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

— Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:

— Ո՞ւմ համար

— Իմ ճուտերի:

— Կտա՞ս իմ ճուտերին:

— Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:

Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Մուկկատու

Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

Գայլն ու ոչխարը

Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը`գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթեգայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:

Գործնագործ

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը`խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

 Ես բարձր եմդուցածր

Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

-Տակդ ի՞նչ կա:

-Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

-Վրեդ ի՞նչ կա:

-Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել: Զանգակի խաղ Ծառից կամ գետնին ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում են թաշկինակով ու պարանները տալիս ձեռքները: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:

 Ճլոթ

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:

Պապը հարցնում է.

-Ո՞վ է խփողը:

Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.

— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Գդակ թռցնել

Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:

Յոթ քար

Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքումփախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

քար

Խաղում են 10 հոգով: Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշը՝ հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ: Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին: Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են և գնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է, նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.

_Գռտու-գռտու, ձագերդ գտի:

Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:

Խաղերի ցանկն  լրացվում է:

Ամփոփում՝

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий