Рубрика: Հաշվետվություն, Վերապատրաստում

Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ծեսը՝ ուսումնական նախագիծ

Կատարող՝ Սեդա Խաչատրյան

«Իմացումի Հրճվանք»՝ Դասվար

Խորհրդատու՝ Նառա Նիկողոսյան

2022

1

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն……………………………………………………………………2

Նպատակ, խնդիրներ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․………………………5

Լավաշթխիկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………………………… 13

Թթուդրիկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………………………….  16   

Խնոցի-հարոցի ծես․․․․․․․․․․․․․․․․․․․․․…………………………………………. 17    

Առավոտյան ընդհանուր պարապմունք․․․․․․․․․․․․․………………………… 18      

Համբարձման ծես․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……………. 19

Անձրևաբեր ծես․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․20   

Դդմածես…………………………………………………………………………21

Եզրակացություն ………………………………………………………………․․23

Օգտագործված գրականություն……………………………………………․․․․26

2

Ներածություն

Մարդկությունը հարատևում է այն ժամանակ, երբ մի սերունդը կարողանում է իր ստեղծածը, իր փորձը անկորուստ փոխանցել հաջորդ սերնդին։ Փորձը՝ լայն առումով. թե՛ գիտական, թե՛ արտադրական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային։ Այդ փորձը փոխանցում են և՛ ընտանիքը, և՛ հասարակությունը, և՛, հատկապես, դպրոցը։

Դպրոցը, բոլոր ժամանակներում մարդկության կուտակած փորձը սերունդներին փոխանցելու խնդիր է լուծել։ Համենայն դեպս այդ նպատակով է ստեղծվել։ Ու, թերևս, ամենադժվարը ու հոգևոր առումով ամենակարևորը մշակութային փորձի փոխանցումն է։

Մշակույթն ընդգրկում է մարդկանց գործունեության առարկայական և հոգևոր արդյունքները։ Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ նրա փոխանցման միջոցները: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ կարևոր դեր ունեն ավանդույթներն ու ծեսերը:

Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց էությամբ խորհրդանշական են՝ չունեն նպատակային և գործնական բնույթ։ Ծեսը խորհրդանշական ձևերով վերարտադրում է ժողովրդի անցյալի կարևոր իրադարձությունները, ինչի շնորհիվ էլ ապահովում է ազգի, հասարակության միասնականությունը:

Ազգային ծեսերը որպես ուսումնական միջավայր, գործիք, արդյունք

Այսօր, գլոբալացող աշխարհում բոլոր ժողովուրդների առաջ էլ կանգնում է ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը։ Իսկ այդ հարցում անփոխարինելի են ավանդույթներն ու ծեսերը։

3

Դրանցից շատերը մոռացվել են, երիտասարդ սերունդը շատ բան չգիտե։ Ուստի անհրաժեշտ է վերականգնել, նոր կյանք տալ դրանց, գտնել այն ուղին, որով գնացել է ազգը, բայց կորցրել ճանապարհին և՛ իրեն, և՛ իր մշակույթը ստեղծող միջավայրը: Դրանք պետք է վերականգնել այնպես, որ այսօրվա մարդը կարողանա ոչ թե արհեստականորեն կրկնել, վերարտադրել, այլ բնական պահանջով կատարել իրենը: Որ այսօրվա սերունդը դառնա այդ ամենի ոչ թե կրկնողը, այլ կրողը։

Քանի որ ազգային ծեսերը մեր մշակույթի, կենցաղի, սովորույթների, ավանդույթների խտացված դրսևորումն են, ուստի, երբ ծեսը դարձնում ենք ուսումնական միջավայր ու գործիք, ազգային կրթության և դաստիարակության մի շարք խնդիրներ լուծվում են ինքնաբերաբար:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծեսը և ծիսական միջավայրը վաղուց արդեն կրթության, հանրակրթության մաս են դարձել։

Գերխնդիրն այստեղ այն է,

· որ երեխան ոչ միայն սովորի, այլ ապրի ծեսերն ու ավանդույթները,

· որ դրանք մանկապարտեզի ու դպրոցական տարիներից դառնան նրա կյանքի ու կենցաղի անբաժանելի մասը,

· որ երգն ու պարը դառնան ոչ թե սոսկ դաս, այլ իր հույզերն ու զգացմունքները դրսևորելու բնական միջոց,

· որ տոնը ոչ թե բեմադրվի, այլ ապրվի,

· որ ինքը դառնա տոնի, ծեսի, ծիսակատարության ոչ թե հանդիսատեսը, այլ մասնակիցը։

4

Ինչպես հասանք այս ամենին

2005թվին Արթուր Շահնազարյանը ներկայացրեց ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող և փորձարկվող «Նախակրթարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի մշակում և փորձարկում» հանրապետական ծրագիրը, նրա «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» բաղկացուցիչը» ծրագիրը: Շահնազարյանն առաջարկում էր. «Հետևելով ժողովրդական դպրոցին՝ մենք կողմնակից ենք մանկապարտեզում (հանրակրթական դպրոցում) երգ-երաժշտության ծիսականացմանը: Առօրյա կյանքում երգ-երաժշտությունը, ձուլվելով անհրաժեշտ գործողություններին, բազմապատկում է արդյունքը թե՛ երաժշտության ուսուցման, թե՛ այն գործողության, որին միացվել է երգ-երաժշտությունը»:

Ազգային ծեսերն իմ տարերքն են, անընդհատ փնտրտուքի մեջ եմ՝ ինչպես վերականգնել, կյանքում իրականացնել, եթե ոչ իր սկզբնական տեսքով, գոնե արդի հայի կեցությանը, մտածողությանը, հոգեբանությանը, հավատքին, և այլն, հարիր:

Ծեսերի իրականացման փորձեր կրթահամալիրում կատարվում էին, դրանք հիմնականում ծիսական բեմականացումներ էին, որտեղ կային ծիսական կերպարներ, ծիսական պարագաներ, ծիսական որոշ գործողություններ: Կատարվում էին բարեխիղճ՝ հետազոտական աշխատանքների արդյունքում ձեռք բերված ազգագրական նյութերով, ռեժիսորական բարձր վարպետությամբ, մասնակիցների ոգևորված, գեղեցիկ ներկայացմամբ: Կազմվում էր սցենար, ընդհանուր խոսքերը, գործող անձանց տեքստերը սերտվում էին, կատարվում փորձեր: Դրանք հիշեցնում էին թատերական ազգային ներկայացումներ, որտեղ հինն ու նորը շատ սահուն միախառնված էին: Տպավորիչ էր, հիանալի…բայց, բոլոր դեպքերում, դրանք կյանքում իրականացվող ծեսեր չէին, հանդիսատեսը մասնակից կարող էր լինել

5

հիմնականում երգելով: Որոշ ժամանակ անց որոշեցինք ծեսերը տեղափոխել այն միջավայր, որտեղ ստեղծվել և իրագործվել են:

Որտեղ է իրականացվում նախագիծը

Նախագիծն իրականացվում է դպրոցում: Յուրաքանչյուր ծես, տոն իրագործվում է համապատասխան միջավայրում՝ բակում, բնության գրկում, փակ տարածքում:

Նախագծի ամփոփ նկարագիր՝

· Նպատակ

Ազգային մշակույթի ժառանգում, յուրացում, փոխանցում ծեսերի՝ որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեության միջոցով

· Խնդիրներ

ü Ավանդական ծեսերի միջոցով ազգային ավանդույթների, արժեքների յուրացում ոչ թե որպես դաս կամ միջոցառում, այլ՝ բնական կենսակերպ

ü ազգային արժեքների պահպանում, հայապահպան մտածողության ձևավորում

ü ազգային մշակութային արժեքների պահպանման, փոխանցման գործում սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունքի ձևավորում

ü ստեղծագործելու, հետազոտելու, ինքնադրսևորվելու կարողություն

· Իրականացում

ü Սովորողները ծանոթանում են

6

ա. կոնկրետ ազգային, ժողովրդական տոնի, ծեսի պատմությանը, դրա հետ կապված ավանդություններին, սովորույթներին,

բ. տոնի, ծեսի խորհրդին, արարողակարգին,

գ. տոնին, ծեսին առնչվող երգերին, պարերին, խաղիկներին, ժողովրդական բանահյուսության նմուշներին,

դ. հայ գրականության, գեղանկարչության տարբեր գործերում ծեսին առնչվող նկարագրություններին, պատկերներին,

ü սովորողները հավաքում են տեղեկություններ տարբեր աղբյուրներից` մեծերից, համացանցից, գրքերից, մեծահասակներից (տատիկներ, պապիկներ) և այլն,

ü իրենց ընտանիքում կամ ուսումնական ճամփորդությունների ընթացքում գրի են առնում տոնի, ծեսի հետ առնչվող բանահյուսական նյութ. ա. խաղիկներ, բ. առած – ասացվածքներ, գ. հանելուկներ, դ. հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ, երգեր:

  • նկարում են

ա. ծիսական հերոսներին,

բ. ծիսական պատկերներ,

  • սովորում են

ա. ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ,

բ. ավանդական պարեր, երգեր, պարերգեր

7

  • հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք,
  • պատրաստում են ծիսական պարագաներ,
  • բեմականացնում են ծիսական, ազգային երգեր, խաղարկում են ծիսական գործողություններ, ծիսական խաղեր,
  • կատարում են բնագիտական փորձեր՝ կապված տարվա տվյալ ժամանակաշրջանում բնության, բնական երևույթների դրսևորումների ուսումնասիրման, օրինաչափությունների բացահայտման հետ,
  • կազմում են մաթեմատիկական խնդիրներ,
  • գնում են ուսումնական ճամփորդությունների,
  • գրում են նամակներ, բարեմաղթանքներ, վերապատմում, փոխադրում են իրենց տպավորությունները:

Սովորողը, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով՝ յուրացնում է ծեսը:

Ի՞նչ խնդիրներ են լուծվում.

  • նյութի յուրացում (լեզու, մտածողության գեղարվեստական այլ արտահայտչամիջոցներ),
  • գիտելիքների, կարողությունների, դրսևորում և կիրառում
  • գեղարվեստական խոսքի մշակում,
  • տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների ձեռքբերում, մշակում (լեզվական, թատերական),
  • գրական — գեղարվեստական ճաշակի զարգացում,
  • ինքնադրսևորում, բարդույթներից ձերբազատում:

Այս աշխատանքները նպաստում են.

8

  • երեխայի բառապաշարի հարստացմանը,
  • մտածողության ձևավորմանը,
  • ստեղծագործական երևակայության զարգացմանը,
  • ինքնուրույն աշխատելու ունակության ձևավորմանը,
  • բավարարվում է նրա ինքնահաստատման – ինքնադրսևորման պահանջը,
  • ձեռք է բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ,
  • զարգանում է գեղարվեստական ճաշակը (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն),
  • հնարավորություն են տալիս գնահատելու և յուրացնելու ազգային արժեքները, ավելի մոտիկից ճանաչելու իրենց ուսուցիչներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, հարազատներին
  • համատեղ, ստեղծական, ինքնուրույն գործունեության արդյունքում լուծվում են նաև ուսումնական մի շարք այլ խնդիրներ:

Այս նախագծերին մասնակցության արդյունքում սովորողը

— կիմանա

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական կերակրատեսակները,
  • ծիսական պարագաները:

9

Կկարողանա

  • պարել ազգային ավանդական պարեր,
  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • պատրաստել ազգային ծիսական կերակրատեսակներ,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել:

— կլինի

  • Ազգային ավանդույթները, դրանց բովանդակությունն ու խորհուրդն իմացող, դրանց արժեքները կրող, փոխանցող, տարածող։։ ակտիվ մասնակից։

Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Միջառարկայական կապերը ծեսի նախապատրաստական շրջանում և իրագործելիս

Երաժշտություն – գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ժողովրդական երգեր:

Պար — գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ավանդական պարեր:

Մայրենի — գիտեն ծեսը, ծիսական ավանդություններ և զրույցներ, ասույթներ, առած-ասացվածքներ, բանաստեղծություններ, կարողանում են խաղարկել ծիսական

10

գործողություններ, ծանոթանում են տարբեր բարբառներին և տոների ու ծեսերի հետ առնչվող բանահյուսական նյութը կարողանում են ներկայացնել բարբառներով

Մարմնակրթություն — գիտեն և կարողանում են խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր, պարել ազգային պարեր:

Բնագիտություն — կարողանում են հետազոտել, գիտեն տարվա շրջափուլերի, բնության և մարդու վրա դրանց ազդեցության մասին, կարողանում են պատրաստել ծիսական բուսական պարագաներ, ուտեստներ (օրինակ՝ զատկական ածիկ), գիտեն այն բույսերը, որոնք օգտագործվում են ծեսերին և ունեն դրանց մասին, այդ տարիքին համապատասխան, գիտելիքներ:

Ձեռարվեստ, կերպարվեստ — պատրաստել ծիսական պարագաներ, այդ թվում՝ հանդերձանք, կատարել նյութի ընտրություն:

Խոհանոց — պատրաստել ազգային ծիսական և տոնական այլ կերակրատեսակներ:

Նախագծերի համար նյութերի ընտրությունը, սկզբունքը

Նյութերի ընտրությունը կատարվում է Կոմիտասի հատորներից, կրթահամալիրի հրատարակած «Կաքավիկ» երգարանից (Ա. Շահնազարյան), հետազոտական աշխատանքի արդյունքում ձեռք բերված ազգային, ծիսական երգերից և այլն:

Յուրաքանչյուր երգ ներկայացվում է կրթահամալիրի երաժշտական կենտրոն։ Քննարկման արդյունքում ընտրած երգերը ներկայացվում են Արթուր Շահնազարյանին, որի վերջնական հաստատմամբ կազմվում է ծիսական, տոնական երգացանկ: Ընտրության սկզբունքում գործում է Արթուր Շահնազարյանի ուղեցույցը՝ մաքուր հայկական, օտար ազդեցությունից զուրկ, բարձրարժեք գործեր:

11

Ում համար է նախատեսված

Նախատեսված է հանրակրթական դպրոցի սովորողների, դասավանդողների, ծնողների, այլոց համար

Ինչպես է կազմակերպվում

Կազմակերպվում և իրականացվում է որպես ինտեգրված նախագծային գործունեություն։ Նախագիծը կազմվում է ծեսերի իրականացման կազմակերպչի կողմից՝ համագործակցելով երաժշտության, մայրենի լեզվի, տեխնոլոգիայի, բնագիտության, այլ դասավանդողների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը:

Արդյունքների ամփոփում

1. Արդյունքները ամփոփվում են ծեսի, տոնի իրականացման ժամանակ, որտեղ յուրաքանչյուրը մասնակցում է իր ընդունակությունների, նյութի յուրացման և մասնակցության չափով: Գնահատումն իրականացվում է առանց գնահատանիշի։

2. Արդյունքները տեսագրվում են, ստեղծվում է տեսադասեր, որոնք դառնում են ուղեցույց ծեսի, տոնի իրագործման համար:

3. Տեսադասերի օրինակներ.

Ազգային ծեսեր Բարեկենդան Հարություն (Զատիկ) Համբարձում

Ովքեր կարող են միանալ

Ծեսին, տոնին կարող են միանալ այն սովորողները, ծնողները, դասավանդողները, ովքեր պատրաստ են և կանցնեն ծեսի իրականացման ճանապարհը:

12

Տարածում, հանրայնացում

Կարող են համագործակցել այլ դպրոցներ, մանկական հաստատություններ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի այլ մարզերից: Համագործակցային նախագծերն իրականացվում են ինչպես հեռավար, այնպես էլ՝ առկա հանդիպումներով:

Այս արդյունքին հասնելու համար պետք է ոչ միայն տեսական գիտելիք տալ սովորողին, այլև սովորեցնել տեսականը գործնականում իրականացնել, ինչպես  իրականացվում է կրթահամալիրում: Այս առումով հեղինկային կրթական ծրագիրն առանձնանում է նաև ազգային մշակույթի պահպանմամբ և փոխանցմամբ՝ ուսումական գործընթացի մի մասը դարձնելով ծեսերը, ծեսերի իրականացումը համապատասխան ժամանակահատվածում՝

13

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր նախագծի շրջանակում սովորողների, նրանց ընտանիքների հետ նախապատրաստվում ենք կրթահամալիրի տոնին: Իրականացնում ենք Հացթխիկլավաշթխիկ նախագիծը:

Նախագծի նպատակը  համայնքի կյանքին ընտանիքների ակտիվ ներգրավվումն է:

Խնդիրներն են՝

  • տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • համագործակցային հմտությունների զարգացում

Նախատեսվում է՝

  • ընթերցել տարբեր տեղեկատվական տեքստեր, ավանդազրույցներ, առած-ասցվածքներ հացի, լավաշի մասին: Քննարկել այդ տեղեկությունները՝ համադրելով մեր փորձի հետ:
  • Լեզվական-ստեղծագործական աշխատանքներ կատարել նախագծի շրջանակում, հորինել հանելուկներ, պատմություններ:
  • Ցանել ցորեն, հետևել ընթացքին, դիտարկումները գրանցել, անդրադառնալ կենդանի ու անկենդան բնությանը:
  • Այցելություն Ագարակի թոնրատուն, լավաշթխիկի արարողություն:
  • Ծիսական պարերգերի ուսուցում:

14

Ընթերցանության նյութեր՝

Առածասացվածքներ

  • Ամառվա փուշ՝ ձմեռվա նուշ:
  • Ամառվա օրը տարի է կերակրում:
  • Հաց, հաց, դուռդ բաց: Ով ինչ ցանի , այն կհնձի:
  • Ով աշխատի, նա կուտի:
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:
  • Ժլատ մարդու հացը չի ուտվի:
  • Հացը երեսից էլ պիտի ուտվի:
  • Անբանը հաց  ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ է:
  • Աշխատանքը սև է, հացը սպիտակ է:
  • Բերան կա՝ հաց չկա, հաց կա՝ բերան չկա:
  • Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու չի լինի պարել:
  • Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։Աշխարհն աշխատավորին է։

15

  • Աջով տուր, որ ձախով վերցնես։
  • Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։
  • Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես։

Հանելուկներ

Ոտքով ջուր է խմում,
Կտուցով ձվեր է հանում: /ցորենի հասկ/

Թաղում ես, ապրում է,
Պահում ես, մեռնում է: /ցորեն/

Սերմը ափով
Շաղ տամ թափով,
Մեռնի տարով,
Ապրի բարով: /ցորեն/

16

Երգարան

Հաց թխելու խաղերգեր
Հաց թխելու երգեր. տեքստեր
Ջաղացի երգ
Կոտ ու կես

Մուլտֆիլմ

Կախարդական լավաշը

Հարիան  ու Թթուդրիկը կարծես մեկտեղվում են․ նախ՝ թթուդրիկ, ապա՝ հարիսա։

Ամեն մեկը բանջարեղեն է բերում՝ կաղամբ, լոլիկ, վարունգ, գազար, ծաղկակաղամբ, սխտոր, կանաչի և այլն։ Լվանում ենք միասին, համտեսում, կտրատում, սաները կարողանում են թե՛ ինքուրույն լվանալ, թե՛ կտրատել, սիրուն դասավորում ենք տարաների մեջ։ Բանջարեղեններից պատրաստում ենք թթու-կերպարներ, թթու-դեմքեր։ Պատրաստում ենք աղաջուր, կատարում ենք բնագիտական փորձ և սպասում թթվելուն, որ Հարիսայի ծեսի ժամանակ համտեսենք։ Մեր պատրաստած թթուները մասնակցում են նաև կրթահամալիրյան Թթու- էքսպո ցուցահանդեսին։ Հարիսայի ծեսը շատ մեծ շուքով ենք նշում կրթահամալիրում։ Եփում ենք մի մեծ կաթսայում, օր է որոշվում ըստ օրացույցի, ամբողջ դպրոցով սկսում ենք տոնել և ուտել, երգել ու պարել։ Ծեսը մեզ տալիս է հնարավորություն, ստեղծում միջավայր, որտեղ սովորողները  նախապատրաստման և իրականացման ընթացքում կիրառում

17

են իրենց հմտություններն ու գիտելիքները՝ շարունակ ինքնակրթվելով ու ավելի առաջ շարժվելով։

Խնոցիհարոցի ծես․ նախագծի նպատակն է ազգային մշակույթի յուրացումը, ազգային ծեսի պահպանումը, խաղի միջոցով երգի ուսուցումը, խաղով շարժում, ռիթմուսուցումը։ 

Նախագծի ընթացքը իրականացվում է երեք փուլով՝  

  • Խաղերգերի, ասիկների ուսուցում 
  • Կաթից մածուն մերելու գործընթաց 
  • Մածունը խնոցիով հարելու, ստացված թանը համտեսելու գործընթաց 

Սովորողները խաղի միջոցով ծանոթանում են գործողությունների ընթացքին՝ կաթ կթել, քամել, եռացնել: Միասին գոլացնում ենք կաթը, ապա յուրաքաչյուրն իմանում է, թե որքան պետք է լինի կաթի տաքությունը, որ այն լավ մածուն դառնա: Միասին դասարանում կաթից մածուն ենք մերում, թողնում, որ երկու օր մնա սառնարանում, հետո այն լցնում ենք խնոցու մեջ և հարում` մինչ ջուր ավելացնելը: Հարելով երգում ենք ազգային երգ-խաղ-պար, խնոցուն գովում, հետո համտեսում մեր թանը: Թանը պատրաստում ենք ուսումնական ագարակում՝ խնոցու լվացման և թանի պատրաստման ուրախ ։

Առավոտյան ընդհանուր պարապմունք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օրը ներառում է դպրոցի ընդհանուր պարապմունք, որի տևողությունը 20 րոպե է: 

18

Պարապմունքին մասնակցում են բոլոր սովորողները, դասավանդողները, ծնողներ: Այն միասնական ուսումնական նախագիծ է, որի նպատակը օրը միասին սկսելը, իրար ողջունելը, միմյանց դրական լիցքեր հաղորդելը, միասին երգելն ու պարելը, միմյանց հաջողություններով ուրախանալն ու միմյանց շնորհավորելն է:

Ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմելը, վարելը ուսումնական աշխատանք է: Պարապմունքի ծրագրում ներառվում են կրթահամալիրի հիմնը, հոգևոր երգեր, ծիսական երգեր, պարեր, օտար լեզուներով կարաոկեներ, մարմնամարզություն, միասնական արտասանություն, շնորհավորանքներ, հայտարարություններ, ընթացող կամ ամփոփվող ստուգատեսների նյութերը:  

«Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք» նախագծով կատարված աշխատանքների արդյունքում անցնող ուսումնական տարում տարատարիք մասնակիցների հետ իրագործվել են «Զատիկ», «Համբարձում» ծեսերը, նախագծի շրջանակներում ստեղծվել են նոր նախագծեր՝ «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն»։

Մայիսի վերջին Հարավային  դպրոցի սովորողների հետ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում իրականացրեցինք «Անձրևաբեր ծեսը»: 

Կոտայքի մարզի Կամարիս գյուղը շատ հարմար դիրք ու բնություն ունի ծեսերն իրականացնելու համար՝ ծաղկառատ սարեր, ձորեր, գետակ, աննման բնություն, էլ չեմ ասում, որ իմ հայրենի գյուղն է։

19

Ծեսի նախապատրաստական աշխատանքների մեջ էին մտնում ջրի (անձրևի) Խորհրդի ուսումնասիրությունը, դրա կարևորությունը բնության մեջ, պաշտամունքային տարրերը հայոց մեջ:

Ունկնդրեցինք ջրի, անձրևի մասին երգեր (Բոբիկ ջուր մի էրաՋուր կուգերԶըպիկ, զըպիկԱնձրև եկավԵրկինքն ամպել էՊուպլատիկինն էկեր է և այլն): Ծանոթացանք անձրևաբեր ծիսական կերպարների հետ, սովորեցինք անձրևաբեր ծիսական երգեր, պատրաստեցինք անձրևաբեր տիկնիկ-կերպարներ՝ մեր պատկերացմամբ, խաղարկեցինք ջրի և անձրևի հետ կապված խաղեր (ջրոցի, Նուրի, Բուկլե Բարան, Պուպլատիկին, «Ջրաղաց» և այլն ): Տիկնիկներով ներկայանալ ցանկանում էին բոլորը, դե, բնական է, նրանց թվում էր, որ դրանց գործոնը կարևոր դեր է խաղում:

Ծիսական երգերը կատարելիս տիկնիկներին ձեռքից ձեռք էինք փոխանցում կամ տիկնիկին կանգնեցնում որևէ տեղ՝ այս դեպքում տիկնիկին ներկայացնելով «ինքնուրույն ներկայացող կերպար», իսկ սովորողներին՝ նրանից անձրև ակնկալող: Երկու տարբերակն էլ լավ աշխատեց:
Երբ բնության գրկում պատրաստվում էինք իրականացնել ծեսը, սովորողներն առաջարկեցին տիկնիկներին զարդարել ծաղկեպսակով:

 Լավ միտք էր, հավաքեցինք ծաղիկներ, ծաղկեպսակներ հյուսեցինք, մեր տիկնիկներին մի լավ սիրուն տեսքի բերեցինք ու բնության գրկում խաղացինք ծիսական գործողություններից մեկ հատված, որտեղ ծիսական կերպարները եկել են ու «երկընքեն թոն կուզեն, գետնեն էլ բերք կուզեն»: Շարժվեցինք երգելով ու այգում շարունակեցինք մյուս հատվածը:

20

Չեք պատկերացնում՝ որքա՜ն էինք ուզում անձրև գար, բայց… Աչքներս գոնե մի կտոր ամպ տեսնելու հույսով անընդհատ երկնքին հառած, հույսերս չկտրելով, մեկ էլ միտք հղացավ՝ բերեք ցնցուղով անձրև բերենք, երկինքը կտեսնի, ամպեր կհավաքի ու անձրև կբերի: Սիրում եմ մեր լայնսիրտ, բացձեռ ժողովրդին, միանգամից ճարվեց մեծ ցնցուղ, որը ոչ միայն կատարեց իր «ծիսական» դերը, այլև սովորողներին մի աննկարագրելի ուրախություն պարգևեց:

Դե, ես  էլ ինձ չկորցրեցի, անմիջապես գտա հաց թխողներին, ես էլ միացա նրանց ու կենդանի ցույց տվեցի, թե անձրևի շնորհիվ աճած արտի ցորենը, որն աղում ու ալյուր են դարձնում, ինչպես է դառնում անուշ բուրմունքով փմփուշ հաց:

 Ու էդ համով հացն ուտելով՝ խաղացինք մեր ջրաղացի ու հաց թխելու խաղերը:
Չեմ ասի՝ հաջորդ, բայց երրորդ օրն իսկապես անձրև եկավ, դե, կարելի է պատկերացնել մերոնց գոհունակությունը, ուրախությունը:

Այսպես ծեսը խաղացինք բնության գրկում, բեմում և լողավազանում: Այն ոչ միայն տպավորվեց սովորողների մեջ, այլև դարձավ իրենցը՝ երգով, խաղով, ծիսական կերպարներով: Այն չտրվեց արհեստական կազմած սցենարով, իր ծիսական դերը չկատարող ծիսական կերպարով, դերաբաշխումով, որտեղ ծեսի իրական պատկերն ընդհանրապես չի երևում:

21

Իհարկե, չի կարելի ասել, թե ինչ ստացվեց` լավ էր, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ իր բոլոր թերություններով, բացթողումներով հանդերձ, այն կայացավ, մենք մեր պատկերացմամբ կենդանացրեցինք մեր ազգային ծիսական արարողակարգերից մեկը, դաս քաղեցինք: Եթե որոշենք էլի խաղալ, այն կտարբերվի առաջինից, կլրացվի, կձևափոխվի, կերպարներն այլ տեսք կունենան, գործողություններն էլ հաստատ կրկնություն չեն լինի: Չէ՞ որ ստեղծագործ միտքն անընդհատ առաջ է գնում, զարգացնում եղածը։

Դդմածես 

Դդմածես նախագիծն ամփոփումենք ղափամայի համտեսով։

  • Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության ձևեր

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների հորինում
  •  Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մի նախադասություն ես» մեթոդով

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական դդումը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար: Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

22

Լեզվագործունեություն

Դդմի մասին տեղեկությունների որոնում, դուրս բերում, խմբագրում:

Մաթեմատիկական

Դդումների կշռում, համեմատում, խնդիրների հորինում։

Ես և շրջակա աշխարհ
Սովորում ենք ցանել դդմի կորիզներ
«Սովորող-սովորեցնող» նախագիծ. սերմնացան

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցանի, թխվածքաբլիթի, Ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմանկար –դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում

Խաղեր

Դդմագլոր

1․ Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

2․ Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

3․ Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմատոն, դդմա…/

23

Երաժշտական գործունեություն

  • Ղափամայի ծիսական երգերի ուսուցում
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում։

Եզարակացություն

Ինչ զարգացում է ապրել ուսումնական ծեսն այս տարիների ընթացքում, լուծե՞լ է այն խնդիրները, որոնք դրված են եղել ի սկզբանե:

Մոռաության մատնված ազգային ծեսերի մասին չունեինք պատկերացում: Կենցաղում մասնակից ենք եղել Վարդավառի, Ամանորի, Զատիկի, Համբարձման ծեսերին, որոնք համարյա ջնջված էին ի սկզբանե ստեղծված, իրագործված վիճակից, որոնց մեջ չկային ազգային ծիսական երգեր, ծիսական բանավոր նյութեր, չկար այն կարևորը, որի վրա կառուցված է եղել ծեսը, մնացել էին սեղմ գործողություններ. Վարդավառին՝ մատաղ ու ջրոցի, Ամանորին՝ տնայց, Զատիկին՝ ներկած ձվեր ու չամչով փլավ, Համբարձմանը՝ գովք հիշեցնող տողեր, բայց որ իրական, հստակ անձին ուղղված գովք:

Առաջին անգամ, երբ իրագործվում է ծեսը, բացի նկարագրած ծիսակարգից, հարկավոր են ազգագրական նյութեր, ծիսական պարագաներ և, որ շա՜տ ցանկալի է, գոնե ծեսի իրագործված նմուշ: Մեր դեպքում իրագործված նմուշը բացակայում էր, մենք ունեինք մի քանի երգեր, գիտեինք գործողությունների ընթացքը: Բավական հաջող իրագործվեց, բոլորս տպավորված էինք, ցանկություն առաջացավ էլի կրկնել:

24

Բայց, հստակ պարզ էր, որ հարկավոր էր շատ աշխատել, որ ազգային ծեսը, որպես նաև ուսումնական գործընթաց, դառնար լիարժեք:

Ինչ զարգացում ապրեցին ուսումնական ծեսերն այս տարիների ընթացքում և ինչ խնդիրներ լուծեցին.

  • շատ է կարևորվել հետազոտական աշխատանքը, որի արդյունքում հայտնաբերվել են նոր ծիսական նյութեր,
  • կարևորվել են այն գործողությունները, որոնք սկզբից կամ բացակայում էին կամ՝ այնքան էլ չէին կարևորվել,
  • ավելի շատ են ներառվել ինչպես ծիսական, այնպես էլ՝ ազգային, ավանդական, բակային խաղեր
  • դարձել ենք ավելի անկաշկանդ, ծեսն իրագործվում է շատ բնական, կենդանի, չկա այն լարվածությունը, որը խանգարում էր,
  • բնական իրավիճակում շատ է ստեղծականությունը, որը թույլ է տալիս անընդհատ նոր ու հետաքրքիր իրավիճակներ ստեղծել, եղած նյութը նորովի, մեր զգացողությամբ իրագործել,
  • ծեսի մեջ են ինտեգրվել մայրենին, տեխնոլոգիան, բնագիտությունը, մարմնակրթությունը, պարը,
  • մենք դարձել ենք ոչ միայն ծեսը կրող, այլև տարածող,
  • ուսումնական ծեսը՝ որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն, դարձել է ազգային մշակույթի յուրացման լավագույն միջոցներից մեկը:

///////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////

25

Ծեսերի իրագործման, վերականգման գործընթացի ընթացքում կարծես խաղի առկայությունն ամենակարևորն էր երեխաների համար: Երբ ծանոթանում ենք ծեսերին, նկատում ենք, որ մեր ազգի մեծերն էլ փոքր երեխայի նման սիրել են խաղալ, զվարճանալ: Հենց այս հանգամանքն էլ թելադրեց ծեսերի հիմնական կարևոր գործողություններն իրագործելիս և ծեսից դուրս խաղալ ծիսական և ազգային խաղեր:

Այսպիսով, բոլոր վերոնշյալ ծեսերով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, տարատարիք սովորողների հետ համատեղ խմբային և անհատական հետազոտական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ շփվելու, միջհամայնքային, միջմարզային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ծանոթացնել «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին։

26

Օգտագործված գրականություն՝

«Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում-Մարինե Մկրտչյան

Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր-Մարինե Մկրտչյան

Ազգային ծեսերին, խաղերին, երգերին` նոր կյանք-Մարինե Մկրտչյան

Դպիր ամսագիր

Գոհար Սմբատյանի բլոգ
Իմ բլոգ

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий