Рубрика: Հոդված, Բլոգի ընթերցարան

Չկա ներառականություն, չկա մանկավարժություն

Հեղինակ:

Ներառականության մասին մտքերս հասցրին հետևյալ ձևակերպմանը՝ ներառականությունը լիարժեք ապրելու հիմնարար սկզբունքներից է և՛ ներառվողի, և՛ ներառողի համար: Մյուս ձևակերպումը որպես մանկավարժ էի արել՝  եթե մանկավարժությունը ներառական չէ, ինչ  անուն ուզում եք տվեք դրան, բայց մի ասեք մանկավարժություն:

 

Հիմա՝ ամենակարևորի մասին:

Այս ուսումնական տարի իմ դասավանդած 2 դասարանում սովորում է սփյուռքից հայրենիք վերադարձած  հինգ սովորող: Կարևորեմ անունները և թվարկեմ՝ Միքայելը, Նարեկը, Սամուելը, Մարիան, Տիգրանը..:

Իրենց ուսումնական դժվարությունների մասին են պատմում հայրենիք վերադարձած սովորողները: 

Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այս ուսումնական տարի միայն արտերկրից եկել է 45 սովորող: Հայրենադարձություն է. աշխարհի տարբեր կողմերից մարդիկ եկել են հույսով, հավատով, իրենց մեծով ու փոքրով: Բարով են եկել: Եկել են ընտանիքները, երեխաները ուսումը պետք է շարունակեն հայկական, իրենց հայրենիքի դպրոցներում: Եվ մենք գիտենք, թե հայկական ընտանիքում ինչ կարևոր արժեք են ուսումը, կրթությունը, էլ չեմ ասում երեխան, նրա ինքնազգացողությունը:

Սակայն հարյուրավոր հայ երեխաներ հայտնվել են անհասկանալի, անելանելի վիճակում: Արևելահայերենը, որպես ուսումնական առարկա և ուսուցման լեզու, նրանց համար այսօր լուրջ խնդիր է՝ դժվարությամբ են հասկանում բանավոր խոսքը, առավել ևս՝ գրավորը:  Արևելահայերենը  դժվար է տրվում հայրենիք վերադարձած մեր հայրենակիցներին: Ռուսաստանից վերադարձած սովորողներ ունենք, որ հայերեն ընդհանրապես խոսել չեն կարողանում, էլ չեմ ասում՝ գրել-կարդալ չգիտեն:

Սփյուռքից հայրենիք վերադարձած իրենց ընկերներից հարցազրույց են վերցնում 7-րդ դասարանցի «չաչանակները»:

Թվում է, այս հարցով հիմա պիտի զբաղված լինեին մեր կրթական բոլոր օղակները՝ իրենց պատասխանատուներով, նախարարից մինչև ուսուցիչ-մանկավարժ: Թվում էր, թե մեր հայրենակիցների ներառման հարցը հիմա ամենակարևոր հարցերից պետք է լիներ: Այս հարցը օրակարգի հարց պիտի դարձած լիներ: Քննարկումներ պիտի լինեին, դիտարկումներ, առաջարկություններ: Արևմտահայերենով ուսուցման ծրագրերի առաջարկներ պիտի լինեին… Թվում էր, թե իրադրություն է փոխվել…

Բայց փոխվե՞լ է իրադրությունը մեր կրթական ոլորտում:
Հիմա ամբողջ կրթական համակարգը պիտի լծված լիներ այս կարևորագույն խնդրի լուծմանը:
Ո՞վ, որտեղ, ի՞նչ մակարդակով են քննարկվում այս հարցերը: Որտե՞ղ կարդանք-լսենք-տեսնենք ներառականության այս, գուցե այսօր թիվ մեկ, խնդրի լուծման պետական մոտեցումը: Գոնե հասկանո՞ւմ ենք, որ տապալելով մեր այս սովորողների ուսումնական գործը, կարող ենք հարվածի տակ դնել այս ընտանիքների՝ Հայաստանում հիմնավորվելն ու հեռանկարը այստեղ տեսնելը: Եթե ընտանիքի երեխան վատ, անլիարժեք զգա իրեն, եթե ծնողները հասկանան, որ մեր կրթական համակարգում իրենց երեխան չի կարողանալու սովորել, լիարժեք կրթություն ստանալ, կմնա՞ն Հայաստանում, թե՞ կնախընտրեն արտասահմանում տեսնել իրենց երեխայի ապագան, հեռանկարը: Կարծում եմ՝ հայ ընտանիքի դեպքում երեխայի կրթությունն առաջնային է: Հազիվ թե ծնողը հանդուրժի, որ իր երեխան հայտնվի փակուղում: Այսինքն՝ սփյուռքից եկած սովորողի կրթության մեջ ներառման խնդիրը  նաև քաղաքական խնդիր է:

Բայց. ցավոք, այս հարցը, դրան ուղղված լուծումները պետական մակարդակով չեն դրվում, էլ չեմ ասում՝ լուծվում:  Ամբողջ կրթական համակարգը հիմա լծված է ստուգումներ, քննություններ կազմակերպելուն: Սա է նաև նախարարի քննարկման հիմնական թեման:  Տեսնես մտածո՞ւմ են, որ այս  քննությունների, ստուգումների ցանցն են ընկնում նաև արևելահայերենին չտիրապետող մեր հայրենակիցները: Որևէ հրամանով կարգավորվե՞լ է ստուգումներին, քննություններին նրանց մասնակցելու հարցը: Քննարկվո՞ւմ են չափորոշիչներ մեր այս սովորողների համար: Քննարկվո՞ւմ  է արևմտահայերեն ուսումնական բազա, ուսումնական նյութեր ստեղծելու հարցը:

Ասեք, որ հանցավոր անտարբերություն է մեր հայրենակիցների նկատմամբ: Ես չեմ հավատում, որ մեր օրերում ինչ-որ բան ու լուրջ բան փոխված է, կամ իրադրություն է փոխվել, եթե մեր հայրենադարձ հայրենակիցին կրթական-ուսումնական գործունեության մեջ ներառումն ու այդ կրթության կազմակերպումը պետական հոգածություն չունեն: Իհարկե մանկավարժը (եթե իհարկե իրոք մանկավարժ է)  փորձում է լուծումներ գտնել, օգտակար լինել, արդյունավետ դարձնել մեր այս սովորողների ուսուցումը: Իսկ ո՞ւր են օրենսդրական հիմքերը, հրամաններն ու իրավական այլ ակտերը, չափորոշիչները, որոնցով  կկարգավորվի և կապահովվի հայրենադարձ սովորողների կրթական իրավունքը:

 

Рубрика: Հոդված, Բլոգի ընթերցարան

Պատժի դերը երեխայի կրթության մեջ

Հեղինակ:

Սովորաբար ֆրանսիական  կայքերը, էլեկտրոնային  ամսագրերը  հարուստ են տարբեր տիպի մանկավարժական,  հետազոտական,  գիտական հոդվածներով, և որևէ հոդված թարգմանելիս միշտ դժվարացել  եմ ընտրություն  կատարել, այնքան շատ են հեղել տվյալ թեմայով գրված հոդվածները: Այս  անգամվա մեզ հետաքրքրող թեման պատիժն էր: Սկսեցի փնտրել ֆրանսիալեզու կայքերում, թե պատժի դերը  դպրոցական  կրթության  մեջ ներկայացնող ի՞նչ հոդվածներ կան , և, զարմանալիորեն, դպրոցում կիրառվող պատժի կիրառման հետ կապված որևէ հոդված  չգտա: Փոխարենը   շատ  էին  հոդվածները, որոնցում ներկայացվում էր  պատժի  դերը երեխայի  ընդհանուր  կրթության մեջ:

Իմ կարծիքով,  դպրոցական  պատժի  վերաբերյալ  հոդվածների բացակայությունը  պայմանավորված  էր  նրանով, որ  ֆրանսիական կրթական  հաստատություններում  պատժը  վաղուց քննարկված  և  անցյալում մնացած  թեմա է:

Այս թարգմանության  մեջ  ներկայացնում եմ  պատժի դերը երեխայի  ընդհանուր կրթության մեջ:

Պատժամիջոցները անկարողության նշան են:

«Պատիժը չի հաստատում մեր  իշխանությունը. մենք պատժում ենք  մեր իշխանության բացակայության պատճառով»: Իզաբել Ֆիլիոզատ, հոգեբան

Պատիժները աստիճանաբար հեղինակազրկում են ծնողին:
Երեխաներն սկսում են տհաճ զգացումներ ունենալ, օրինակ՝ «ես պետք է պաշտպանվեմ», «ես չեմ ուզում» կամ «ես վատն եմ»:
Մեկ անգամ պատժելով՝ ստիպված  ես  լինելու  պարբերաբար  այն կրկնել, և  դա պատժվողի  համար դառնում է սովորական երևույթ:
Այլ է, երբ խոսքը թեթև պատժի  մասին է, որը սթափեցնում է երեխային՝  առանց նրան վնասելու: Սակայն  նույնիսկ թեթև պատիժները պատանեկության շրջանում կորցնում են  իրենց  ուժը, երբ երեխան հետզհետե  դառնում է  ավելի  ինքնուրույն:

Մեծահասակները պետք է օգնեն  երեխաներին սոցիալականացվել, որի ընթացքում  ենթադրվում է, որ երեխան կսովորի այն  վրդովմունքին, հուսահատությանը, որ զգում է պատժվելիս: Ինչո՞ւ է անհրաժեշտ մեծահասակներին երեխային  ասել՝ ոչ և սահմաններ գծել:

Ներկայացնեմ հոգեբան –սոցիոլոգ Ժան Էպշտեյնի վերլուծությունը:
«Կարծում եմ, բոլոր ծնողներն էլ հայտնվել են հետևյալ  երկընտրանքի  առջև՝ պատի՞ժ, թե՞ երկխոսություն»:
Ըստ  Ժան Էպշտեյնի՝  այս երկու հասկացություններն  այնքան էլ  հակասական չեն… ընդհակառակը…
Երեխան իրեն հարմար հուզական աշխարհը  ստեղծում է հետևյալ չորս զգացմունքների վրա՝ «Ես  իրավունք  ունեմ  անելու ամեն  ինչ», «Ես աշխարհի  կենտրոնն եմ», «Ես  կարող  եմ  ունենալ այն, ինչ  ուզում եմ» և «Ես ամեն ինչ  ուզում   եմ հենց  հիմա»: Հետևապես, մեծահասակները պետք է օգնեն երեխային սոցիալականացվել: Դա ենթադրում է, որ նրան պետք է սովորեցնել հիասթափություն-վրդովմունք հասկացությունը, որն անբաժանելի է սոցիալական կյանքի ինտեգրման համար:

Որպեսզի պատիժը լինի օգտակար և դրական ազդեցություն թողնի,  պետք է  իրագործվի հենց  տվյալ պահին,  հակառակ դեպքում՝ այն իմաստազրկվում է: Պետք է նաև հասկանալ, որ պատիժը երեխայի  տեսանկյունից անիմաստ երևույթ է: Պատիժը  պետք է լինի պարզ, չվնասի երեխային ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես: Առաջին հերթին, պատժամիջոցը երկխոսության միջոցով պետք է բացատրվի երեխային: Սակայն երկխոսությունը միշտ չէ, որ արդյունավետ է: Մյուս կողմից էլ`նա պատժամիջոցների անխուսափելի գործընկերն է, որը թույլ է տալիս երեխային հասկանալ փոխզիջում հասկացությունը: